Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող պաթոլոգիաներից է միզուկի ստրիկտուրան կամ նեղացումը: Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Արայիկ Սիմոնյանը նշում է, որ միզուկի ստրիկտուրան առաջային միզուկի լորձաթաղանթի սպիական փոփոխության հետևանքով առաջացած միզուկի լորձաթաղանթի տրամագծի նեղացումն է։ Բժշկի խոսքով՝ այս հիվանդությունը առաջացնում է բազմապիսի բարդություններ, բերում է կյանքի որակի վատացման։
Հիվանդության հիմնական պատճառներն են՝
- Վնասվածքները։
- Միզուկի բորբոքային հիվանդությունները։
- Իդիոպաթիկ/պատճառը պարզել չի հաջողվում։
Նկատվում են հետևյալ գանգատները՝
- Դժվարամիզություն։
- Հաճախամիզություն։
- Մեզի շիթի թուլացում։
- Միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն։
- Միզելու ժամանակ առաջացող ցավ և մրմռոց։
Ախտորոշման համար կատարվում է սոնոգրաֆիա՝ մնացորդային մեզի որոշումով, ուրոֆլուրոմետրիա, միզուկի ռենտգենոգրաֆիա, ուրետրոցիստոսկոպիա։
Բժիշկը նշում է, որ այս պաթոլոգիան կոնսերվատիվ բուժում չունի, բուժումը միայն վիրահատական է։ Արայիկ Սիմոնյանի խոսքով՝ վիրահատական միջամտության ընտրությունը կախված է ստրիկտուրայի տեղակայումից և երկարությունից, կարող է իրականացվել
- Էնդոսկոպիկ վիրահատություն։
- Միզուկի բերանակցում ծայրը-ծայրին (նեղացած հատվածի հեռացումով)։
- Լաթային միզուկային պլաստիկա (բերանի խոռոչից վերցված լորձաթաղանթային լաթով)։
.png)